Մատչելիության հղումներ

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում. Գրոսսի


Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը նշել է, որ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտների վրա հարձակումները հետ են գցել Իրանի ուրանի փոխակերպման և հարստացման կարողությունները։ Սակայն նա նաև զգուշացրել է. «Բացառապես անկեղծ ասած՝ հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ վերացվել, է և այնտեղ այլևս ոչինչ չկա»։

«Իրանն ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում», - ասել է Գրոսսին:

Իսրայելը հունիսի 13-ին սկսել էր ռմբակոծել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտները՝ հայտարարելով, որ իր նպատակը Թեհրանին միջուկային զենքից զերծ պահելն է։ Իրանն, իր հերթին, պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը «տասնամյակներով հետ է ընկել», և հավելել էր, որ կքննարկի նոր հարվածների հնարավորությունը, եթե Իրանն ավելի բարձր մակարդակի հարստացում վերսկսի։

XS
SM
MD
LG