Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիին այլևս թույլ չի տա մտնել իր միջուկային օբյեկտներ կամ տեսախցիկներ տեղադրել այնտեղ, հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Համիդ Ռեզա Հաջի Բաբային։
Նրա խոսքով՝ Իրանի վրա Արևմուտքի ճնշումը, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործողությունները, «ԱՄՆ-ի թշնամանքի» մաս են կազմում, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Վերջերս տեղի ունեցած 12-օրյա պատերազմը Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ վարվող 47-ամյա թշնամանքի շարունակությունն է։ Այս թշնամանքի գլխավոր պատճառը հրթիռները կամ միջուկային ծրագիրը չեն, այլ Իրանի ժողովուրդն է։ ԱՄՆ-ն վախենում է 90 միլիոն բնակչություն ունեցող պետությունից, որն ունի 7000 տարվա քաղաքակրթություն, և թույլ չի տա ամերիկյան գերիշխանությունը տարածաշրջանում»,- ասել է նա։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու նախագծին՝ պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նախագծով գործակալության տեսուչներին արգելվում է մուտք գործել միջուկային օբյեկտներ քանի դեռ, ինչպես պնդում է Թեհրանը, չի երաշխավորվում դրանց անվտանգությունը։ Ավելի ուշ ծրագրին հավանություն էր տվել Իրանի Սահմանադրական խորհուրդը։
Իրանն այս որոշումն ընդունեց Արևմուտքի հետ քաղաքական հակամարտության ամենաթեժ փուլերից մեկում։ Թեհրանը համարում է, որ գործակալությանը չեզոք չէ և Արևմուտքի կողմից որպես ճնշման գործիք է օգտագործվում։
Իրանի միջուկային ծրագիրն սկսվել է 1950-ական թվականներից, սակայն 2000-ականների սկզբից երկիրը բազմիցս մեղադրվել է միջուկային զենք ստեղծելու նկրտումների համար: 2015 թվականին ստորագրվեց միջուկային համաձայնագիր, որը սահմանափակում էր ուրանի հարստացումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Սակայն 2018 թվականին Միացյալ Նահանգները՝Դոնալդ Թրամփի նախագահության արաջին շրջանում, միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից,Իրանն էլ վերսկսեց միջուկային մշակումները:
Թեհրանը և Վաշինգտոնը բանակցությում էին նոր գործարք կնքելու շուրջ, սակայն հունիսի 13-ին Իսրայելը, պատճառաբանելով, որ Իրանն այնքան է հարստացրել ուրանը, որ կարող է մի քանի միջուկային զենք ստեղծել, հարձակվեց Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների վրա։ Պատերազմը 12 օր տևեց։
Քանի որ Թեհրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, մինչև վերջերս ԱԷՄԳ-ի տեսուչները հսկում էին Իրանի միջուկային օբյեկտների աշխատանքը: Այսօր այդ վերահսկողության դուռը Իրանը փակում է, ինչը խորացնում է մտահոգությունները հատկապես այն հաղորդումների ֆոնին, որ Թեհրանը հարվածներից առաջ հարստացված ուրանը տեղափոխել էր այլ վայր։