Կալլաս. ԵՄ-ն կարևորում է համագործակցությունը ՀՀ-ի հետ

«Մենք կարևորում ենք Հայաստան-ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,-այսօր նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը։

Ըստ նախագահականի, կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ «Նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու դիրքորոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն հետևում է խաղաղության հաստատման և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման ուղուն»,-հայտարարում է պաշտոնական Երևանը։

«Մենք քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը, բարեփոխումներին ԵՄ աջակցությունը և կայունության ու բարգավաճման ամրապնդումը։ Սա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման բանալին է»,- X-ում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Կայա Կալլասը երկօրյա այցով է Հայաստանում։ Մինչ այդ նա մեկնել էր Բաքու, գովաբանել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները։

«Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»,- ասել էր Կայա Կալլասը նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։