Թեհրան.Էվինի վրա հարձակումից զոհվել է ավելի քան 70 մարդ

Իրանը հայտարարում է, թե Թեհրանում գտնվող Էվին բանտի վրա Իսրայելի` հունիսի 23-ի հարձակման հետևանքով զոհվել է 71 մարդ։

Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը այսօր հայտարարել է, թե «նահատակների թվում եղել են նաև վարչական աշխատակիցներ, զինվորական ծառայություն անցնող երիտասարդներ, կալանավորներ, նրանց այցելող կալանավորների ընտանիքի անդամներ և բանտի մոտակայքում ապրող մարդիկ»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակման հետևանքով բանտի վարչական շենքի մի մասը ավերվել է, կալանավորները տեղափոխվել են Թեհրանի այլ բանտեր։

Էվին բանտում պահվում են մի շարք օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ Ֆրանսիայի երկու քաղաքացի։

«Թեհրանի Էվին բանտի ուղղությամբ հարվածը վտանգի տակ է դրել մեր քաղաքացիներ Սեսիլ Կոլլերին և Ժակ Պարիին։ Սա անընդունելի է», - հարձակումից հետո սոցիալական ցանցում գրել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։