Մատչելիության հղումներ

Ճանապարհի գծանշումը լուրջ խնդիր էր առաջացրել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի համար


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, արխիվ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, արխիվ

Վանաձորում ճանապարհների գծանշումները լուրջ խնդիրներ են առաջացրել Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ 4 հազար աշխատատեղ ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկայի համար: Եկել ու հենց ֆաբրիկայի դարպասների առաջ կետագծերի փոխարեն շրջադարձն արգելող կրկնակի հոծ գիծ են գծել: Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասում է՝ օրական 5-6 մինչև 15 մետր երկարությամբ բեռնատար է ելումուտ անում, Երևանյան խճուղին շատ նեղ է ֆաբրիկա մուտք գործելու համար: Պնդում է, թե հոծ գծերն արտադրությունը կկանգնեցնեն:

«Ես դեռ ոչինչ, հիմնարկի ղեկավար, գնացի վերևը պտտվեցի, եկա, մտա՝ 5կմ վերևից: Բայց բեռնատարը, եթե նույնիսկ գնա ուրիշ տեղ շրջադարձ անի, չի կարող մտնել, որովհետև շատ երկար է, էդ անկյունը չի կարող մտնել, դա անհնար է: Եթե դա փակվի, մեր գործարանը չի կարող աշխատել», - «Ազատության» հետ զույցում ասաց Դարբինյանը:

Գործարարն իր այս մտահոգությունը նախորդ օրերին թե՛ գծանշողներին, թե՛ իրավապահներին ու թե՛ Վանաձորի համայնքապետարան է հասցրել, բայց, ասում է, պատասխան է ստացել, որ հաստատված նախագիծ կա, փոխել չեն կարող. - «Անցած տարի կետագծեր էր, էս տարի գծողը ջղայնացել էր, ասաց՝ «հոծ գիծ եմ գծում»:

Նշագծող ընկերության ներկայացուցիչները, որ չցանկացան ներկայանալ, «Ազատությանն» էլ ասացին, որ պարտավոր են նախագծով շարժվել, դրանից շեղվել չեն կարող: Մինչդեռ «Ազատության» նկարահանումից րոպեներ անց նույն աշխատակիցը տեղեկացրեց, որ փոփոխություն է եղել, ցուցում է ստացել՝ կարի ֆաբրիկայի դարպասների դիմաց հոծ գծի փոխարեն շրջադարձի հնարավորությամբ կետագծեր անել:

Վանաձորի համայնքապետարանից հայտնեցին, որ ճանապարհային գծանշումները, հատկապես միջպետական ճանապարհների դեպքում, ճանապարհային դեպարտամենտն է կազմում, իսկ Վանաձորի ավագանին՝ հաստատում: Վերջին անգամ ավագանին 2019-ին է հաստատել քաղաքի նշագծումների սխեման: Անցած 6 տարիներին հենց ավագանու հաստատած այդ որոշման հիման վրա էլ գծանշվել են Վանաձորի փողոցները, ասում է համայնքապետի մամուլի խոսնակը: Երևանյան խճուղին, քանի որ միջպետական ճանապարհ է, բացառապես նշագծվում է դեպարտամենտի համաձայնությամբ, նշում է խոսնակը:

«Հաշվի առնելով, որ դա Վանաձորի մեծագույն, խոշորագույն արտահանողներից մեկն է՝ տեքստիլ ֆաբրիկան, թույլտվություն տրվել է, որպեսզի այդտեղ լինեն կետագծեր, և մեծ մեքենաները կարողանան օգտվել այդ հատվածից», - փոխանցեցին համայնքապետարանից:

«Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն այն գործարարն է, որ անցած տարի մեղադրվեց շինարարական ընկերության միջնորդությամբ համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին մոտ 2 միլիոն դրամի կաշառք տալու համար: Ըստ դատական գործի՝ գործարարն այդ գումարը համայնքապետարանի պաշտոնյային փոխանցել էր կարի ֆաբրիկայի նախկին տարածքում կառուցված շինությունների ավարտական ակտերն «առանց քաղաքաշինության տեսչական մարմնի եզրակացության ստանալու համար»: Մեկ ամիս առաջ Բագրատ Դարբինյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանը որոշել է ազատազրկումը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով: Դատարանը նաև որոշել է, որ առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Դարբինյանը չի կարող Հայաստանի սահմանը հատել կամ փոխել բնակության վայրը:

Խոշոր գործարարը, որ հաճախակի է միջազգային գործընկերների հետ հանդիպման անհրաժեշտություն ունենում, ասում է՝ մեծ խնդիրների առաջ է կանգնում արտադրությունը կազմակերպելիս:

Կաշառքի մեղադրանքով դատարանի առաջ կանգնած գործարարն անցած տարի «Ազատությանն» ասել էր՝ «ոչ թե կաշառք, այլ մաղարիչ» է փոխանցել քաղաքապետարանի պաշտոնյային, ստիպված է եղել գումարը ծախսել ավարտական ակտերն ստանալու համար: Այլ կերպ Վանաձորում գործարարները գործը գլուխ բերելու մեծ դժվարություններ են ունենում:

Նրանից, ըստ քննիչների, շինարարական կազմակերպության սեփականատեր Սամվել Մարգարյանի միջոցով 2 միլիոնի կաշառք ստացած Սուրեն Աբովյանը դեռ տնային կալանքի տակ է: Աբովյանի գործով դատաքննությունը չի ավարտվել: Դատական գործի համաձայն, նա ևս երկու գործարարից է կաշառք ստացել շինարարական կազմակերպության միջնորդությամբ: Միայն այս երեք դրվագով Սուրեն Աբովյանը, ըստ մեղադրանքի, ավելի քան 25 հազար դոլարի կաշառք է ստացել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG