Մատչելիության հղումներ

Պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին. ՀԿ-ներ

Լրացված

Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթուռ Սուրբ Էջմիածնի տարածքում, 27-ը հունիսի, 2025թ.
Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթուռ Սուրբ Էջմիածնի տարածքում, 27-ը հունիսի, 2025թ.

Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ ահազանգում են, որ իշխանությունները միջամտում են Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, խախտում Սահմանադրությունն ու խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, ինչպես նաև դատաիրավական համակարգի անկախության սկզբունքը:

«Ատելության խոսք է տարածվում, թիրախավորվում է կոնկրետ եկեղեցին որպես կառույց, ոչ թե անհատ անձինք, որոնք միգուցե կատարել են որոշակի գործողություններ, որոնք քննության առարկա կարող են դառնալ», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Այս հայտարարությանը, սակայն, քաղհասարակության ոչ բոլոր ներկայացուցիչներն են միացել: Դրա տակ չեն ստորագրել, օրինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Թրանսրանսի ինթերնեյշնլ»-ը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակը: Ինչո՞ւ. «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր պատճառաբանությունն ունի:

«Հայտարարությունը կոնտեքստից կտրված է, և դրանում ներկայացված չեն կոնտեքստին վերաբերելի մի շարք հանգամանքներ», - ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ հայտարարության տակ ստորագրածներն իրենք դատապարտող տեքստում չեն անդրադարձել օրերս երկու ամսով կալանավորված արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին ու Միքայել Աջապահյանին վերագրվող հանցագործություններին: Վարչապետի հրաժարականը պահանջող Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու, իսկ Աջապահյանը՝ իշխանությունը զավթելու կոչերի համար:

Երկուսն էլ մեղքը չեն ընդունում, մինչդեռ Իոաննիսյանը, չսպասելով դատարանի որոշմանը, հակառակն է պնդում, բայց և հավելում. - «Մեր գնահատմամբ՝ Աջապահյանի գործողություններում իրոք կա հանցակազմ: Բայց նրա նկատմամբ հետապնդում պետք է հարուցվեր ոչ թե այն ժամանակ, երբ Աջապահյանի ու իշխանությունների հետ հարաբերությունները վատացան, այլ երբ կատարել էր Քրեական օրենսգրքով կատարված արարքը»:

Հայտարարության տակ ստորագրած ՀԿ-ները, սակայն, ընդգծում են՝ եթե անգամ եկեղեցու որևէ սպասավոր, ինչպես սովորական քաղաքացի, խախտել է օրենքները, ապա իրավապահները մեկ անելիք ունեն, քննել գործը, տալ իրավական գնահատական, ոչ թե, ինչպես հայտարարությանը միացած իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է նկատում՝ վարչապետից սկսած ամենօրյա գրառումներով մտնել եկեղեցու ներքին կանոնների մեջ ու ատելություն տարածել 1700-ամյա կառույցի նկատմամբ:

«Ամենակարևոր խնդիրը՝ գործողությունները շատ հաճախ ուղղորդվում են նաև գրառումներով, այսինքն՝ հենց իրավապահ համակարգի գործողությունները, ինչը և՛ իշխանության թևերի տարանջատման սկզբունքի խախտում է, և՛ Սահմանադրության խախտում է», - ասաց Հովհաննիսյանը:

Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ դա նշանակում է, որ պետության գործը չէ, թե ինչ է կատարվում եկեղեցու դարպասներից ներս, ում են ընտրում կաթողիկոս և այլն: Մինչ ՀԿ-ները Սահմանադրությունն են վկայակոչում, վարչապետ Փաշինյանը շարունակում է կրկնել՝ եկեղեցին պետք է վերադարձնեն Աստծուն ու ժողովրդին, որ կաթողիկոսն ու մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականներ խախտել են կուսակրոնության ուխտը:

Հայտարարությանը չմիացած իրավապաշտպան Իոաննիսյանը ևս քննադատում է վարչապետին. թե՛ Փաշինյանը, թե՛ ԱԱԾ-ից իրեն զեկուցողներն օրենք են խախտել, որ ընտանեկան ու անձնական տվյալներ են շրջանառել: Բայց իրավապաշտպանը դեռ չի շտապում այս հարցով դիմել իրավապահներին, ասաց՝ կքննարկի հարցը իրավաբանների հետ:

«Եթե ինքը որպես պաշտոնատար անձ մտնում է եկեղեցական կանոնների խախտման տիրույթ և անձնական կյանքի տիրույթ, սա խնդիր է», - ընդգծեց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը, սակայն, խնդիր չի տեսնում վարչապետի ու նրա թիմի մոտեցումներում, երբ քննադատում են եկեղեցուն: Ասում է՝ վարչապետի պաշտոնով կաշկանդված չէ և որպես եկեղեցու հետևորդ իրավունք ունի, բայց կա երկու հարց՝ չպետք է ստանար անձնական տվյալներ, նաև՝ չպետք է վնասեր պետությանը, երբ հոգևորականների հետ առճակատման շրջանակներում հասել էր իր թլփատված լինել-չլինելուն: Ըստ իրավապաշտպանի, ընտրություններից մեկ տարի առաջ եկեղեցականների դեմ արշավը քաղաքական է:

«Իմ կարծիքով՝ որպես կանոն իրենք սա անում ենք որպես անհատ, բայց երբեմն անցնում են այդ գիծը ու երբեմն, այո, չարաշահում են նաև իրենց պաշտոնական դիրքն այս արշավի համար», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հայտարարություն տարածած իրավապաշտպանները նաև դատապարտում են անցած ուրբաթ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գործողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որոնք ինչպես նշում են՝ «դատելով հրապարակային ուղերձներից, ուղղակիորեն հրահանգված էին գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակից»։

«Անընդունելի ենք համարում իրավապահ մարմինների ծառայողների, այդ թվում՝ դիմակավորված, ներխուժումը Մայր Աթոռ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալության նպատակով, հատկապես այն պայմաններում, երբ անձի կողմից որևէ դիմադրություն ցույց չէր տրվում», - ասված է հայտարարությունում։

Իրավապաշտպանները նաև քննադատում են, որ ուրբաթ օրը ուժի գործադրմամբ ու առանց անհրաժեշտության քաղաքացիներ են բերման ենթարկվել, նրանց թվում՝ անչափահասներ:




XS
SM
MD
LG